Դատարանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կրկին թույլ չտվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին՝ հերթական անգամ մերժելով այս առնչությամբ ներկայացված միջնորդությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշել է, որ հունվարի 23-29-ին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ զեկույց կներկայացվի։ Նա ընդգծել է իր ներկայության պարտադիր լինելու հանգամանքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նշեց, որ հունվարի 25-ին դատական նիստ է նշանակված, մինչդեռ Գևորգյանը չի ապացուցել իր անձնական ներկայության հիմնավորվածությունը։ Ըստ այդմ՝ միջնորդությունը մերժվել է։
Հիշեցնենք, որ ամիսներ ևս դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։ Այսպիսով, Գևորգյանը չկարողացավ մասնակցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.