««Լուսավոր Հայաստան» խմբակցության իմ հրաժարականի պահանջը ավելի կուժեղացնի նախարարությունը։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում առավել քան բնական են։ Ես կրթության ոլորտից եմ և լավագույնս տեղյակ էի՝ ուր եմ գալիս և ինչով եմ զբաղվելու»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ գիտեր այն ծանրությունը, որ վերցնում էր ոլորտում բարեփոխումներ նախաձեռնելով և ինչ դիմադրության է դրանով արժանանալու։
Նախարարը նշեց, որ դեռ 2018 թվականից խոսել է, որ ծանր բարեփոխումներ են լինելու և մեծ խմբեր զրկվելու են կոմֆորտի իրենց գոտում մնալուց կամ ստիպված են լինելու տեղափոխվել այլ գոտի։
Ըստ Հարությունյանի՝ բարեփոխումների շուրջ դժգոհությունների օբյեկտիվ հիմքեր կան, քանի որ հանրության, ԱԺ, շահագրգիռ կողմերի միջև մի կողմից, իսկ նախարարության հետ մյուս կողմից կան կոմունիկացիոն հարցեր, որոնք շտկելի են։ Կան նաև խիստ սուբյեկտիվ պատճառներ, որոնք մերժելի են և անընդունելի։
«Նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժներ և արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար»,- նշել է նա։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ չեն ուզում շտապել և ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը երբեք չի կատարվի, ինչը եղել է նախկինում: «Մտահոգ այս «յարուսը» ժամանակին չէր մտահոգվում, որ ռազմավարությունը չկար կամ իրենց մասնակցությամբ կառավարությունը չէր հետևում այդ ռազմավարությանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այն պահին, երբ քաղաքական թիմը արձանագրի, որ սխալ ուղղությամբ է գնում, մի րոպե ավելի չի զբաղեցնի այս պաշտոնը:
Նշենք, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառներ են ներս բերում, կառվարությանը հարցարդումներ ուղղում, ԼՀԿ համակաիրներն ու նրանց կուսակիցները «Հանուն լուսավոր կրթության» խորագրով բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն թիմակիցների։
Թե օրենսդիրում ներկայացված ԼՀԿ-ականները, և թե ակցիայի մասնակիցները մեկ հստակ պահանջ ունեն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարական։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



