Ես որպես քաղաքական գործիչ, որպես «Իմ քայլի» ներկայացուցիչ, բազմիցս ասել եմ, որ այո՛, կա սահմանադրական ճգնաժամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հարցին՝ ՍԴ-ն մինչև վերջերս կարողանում էր նիստեր հրավիրել, սակայն հիմա նիստերում քվորում չկա, և կարծիք կա՝ հիմա է Սահմանադրական դատարանում ճգնաժամ առաջացել:
Խոսելով ՍԴ ներկայացված միջնորդության մասին, որ հուլիսի 7-ին նախատեսված Քոչարյանի գործով հարցի քննությունը հետաձգվի, Արարատ Միրզոյանն ասաց.
«Ես ոչ մի միջնորդություն չեմ ներկայացրել ՍԴ: ԱԺ-ն ունի աշխատակազմ, որն ապաքաղաքական մարմին է և իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ազգային ժողովը ՍԴ-ում պատասխանող կողմ է և մի շարք հարցերում ներգրավված է: ԱԺ-ն ՍԴ-ում ունի ներկայացուցիչ: Ահա ԱԺ ներկայացուցիչը գործի նյութերին ծանոթանալու, այն է՝ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին այս գործի առնչությամբ ծանոթանալու իրավունք ունի: Որքանով տեղեկացված եմ, այդ միջնորդությունից հետո՝ առնվազն այս պահի դրությամբ,այդ նյութերը հայերեն ԱԺ-ին տրամադրված չեն: ՀՀ-ում պետական լեզուն, գրագրության լեզուն հայերենն է, այնպես որ, պարտավոր են ներկայացնել հայերեն նյութերը, որից հետո ԱԺ ներկայացուցիչը ամբողջական կարծիք կկազմի այդ կարծիքների և գործի վերաբերյալ»:
Խոսելով քվորումի բացակայության պատճառով ՍԴ նիստերի չկայանալու մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց.
«Դուք խոսում եք սահմանադրական մարմնի մասին, և ես զերծ կմնամ մեկնաբանել իրենց ներքին աշխատանքային հարաբերությունները, իրավիճակը: Թերևս այդ հարցն ուղղեք ՍԴ նախկին կամ ներկա անդամներին»:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



