Քննչական կոմիտեի նախագահն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչ փուլում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը։
Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, այդ գործը բացահայտված է, սակայն դեռ քրեական գործը քննության փուլում է և ավարտված չէ։
«Մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այդ գործով դեռ ձերբակալված անձ չկա, իսկ արտասահմանյան գործընկերներին այդ պահանջն արդեն 8-9 ամիս է՝ ուղարկվել է։
Անդրադառնալով հարցին՝ ինչ նորություն կա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին առնչվող գործով, քանի որ վերջինս նշել էր, որ չի կարող վերադառնալ՝ ՌԴ-ում կարանտինի մեջ է, Գրիգորյանը պատասխանեց.
«Հայտնի է, որ այդ գործով ունենք ներգրավված 6 մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մի մասը՝ ոչ: Նախ՝ մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցություն՝ դեսպանի միջոցով Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար: Բացի այդ՝ քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան, բակի, շրջանի տարածքը լքել: Սահմանափակում այդ մասով չկար: Այժմ հայտարարված է հետախուզում»:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ՝ Հայրապետյանը դեռ փետրվարից ՀՀ-ում չէ, իսկ ՔԿ-ում գործը հարուցվել է մարտ-ապրիլից, իսկ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է ազատ տեղաշարժի իրավունքը, և անձի տեղաշարժման իրավունքը կարող էր սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
«Գրավի, կալանքի, այլ խափանման միջոցի կիրառման դեպքում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու համար անձը պետք է լինի կա՛մ մեղադրյալ, կա՛մ կասկածյալ»,-պարզաբանեց նա:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



