Այսօր վարչապետը կրկին ուղիղ եթեր էր դուրս եկել՝ առաջարկելու կոմունալ խնդիրների լուծման մեկ այլ մոդել, որը հիմնվում է փոխօգնության և սոցիալական արդարության սկզբունքների վրա։ Փոխհատուցման գումարը, ըստ Փաշինյանի, կազմելու է մոտ 7500 դրամ և բաժանորդների հաշվեհամարներին է փոխանցվելու երկուշաբթի կամ երեքշաբթի։
«Եթե դուք այդ գումարի կարիքը չունեք, ապա նայեք ձեր շենքում, շրջապատում կոմունալ ծախսի կարիք ով ունի, տարեք նրա տեղը վճարեք: Դուք նրանց ավելի լավ կկարողանաք աջակցել, ավելի հասցեական։ Մենք շահառուներին [սոցիալական խնդիրներ ունեցող բաժանորդներին] նույնականացնելու խնդիրներ ունենք», – առաջարկել է վարչապետը։
Կառավարության կողմից փոխանցված գումարն ավելի կարիքավոր քաղաքացիներին փոխանցելով, յուրաքանչյուրն, ըստ Փաշինյանի, կարող է դառնալ կառավարության դաշնակիցը ու իրական օգնություն ցուցաբերել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց: Փաշինյանը կարծում է, որ եթե քաղաքացիները, որոնք համավարակի հետևանքով չեն հայտնվել սուր ճգնաժամի մեջ, իրենց հատկացված 30 կամ 50 տոկոս սուբսիդիաները վերահասցեագրեն իրենց այն հարազատներին, ընկերներին կամ հարևաններին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն, «Հայաստանում չի լինի որեւէ մարդ, ով կոմունալ վարձավճարների՝ գազի, լույսի, ջրի պարտքեր ունենա», Կառավարության հատկացրած աջակցությունն ավելի հասցեական կդառնա, և հնարավոր կլինի խուսափել անջատումներից, ասյինքն՝ ստեղծել մի իրավիճակ, երբ օգնության կարիք ունեցող մարդկանց վարձավճարները կսուբսիդավորվեն ամբողջությամբ, այլ ոչ մասնակի, ինչպես հիմա է։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



