Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել կայուն և դինամիկ աճող։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը։
ԿԲ նախագահը կարևորեց այն փաստը, որ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի և իրացվելիության մակարդակն այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար։
«ՀՀ-ում ավանդները մշտապես բարձրացվել են՝ վարկերին զուգընթաց։ Վերջին ճգնաժամի հետ կապված՝ ավանդի աճի տեմպը որոշակի դանդաղել է, իսկ վարկերը որոշակի շարունակել են աճել։ Մի մտավախություն ունենք, որ եթե եկամուտները չվերականգնվեն և այս առողջապահական իրավիճակն ավելի երկար տևի, քան մենք ակնկալում ենք, և եթե տնային տնտեսությունների և ընկերությունների մոտ ֆինանսական նվազում դիտվի, ապա հնարավոր է՝ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան»,- նկատեց Մարտին Գալստյանը։
Խոսելով վարկային արձակուրդների մասին, նա նկատեց, որ արկածախնդություն կլինի, եթե բանկերն անընդհատ ծախսեր կրելով եկամուտ չակնկալեն։
«Մեր կարծիքով՝ չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը։ Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ։ Այդ առումով, կարծում եմ, որ բանկերը բավական խելամիտ աշխատել են այդ երեք ամիսների ընթացքում»,- մատնանշեց ԿԲ նախագահը։
Գալստյանի տեղեկացմամբ՝ 550 000 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդ։ Շուրջ 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, ինչի հետևանքով, ըստ ԿԲ նախագահի, բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ։
Նրա կարծիքով, եթե այս պրոցեսն անընդհատ շարունակվի, խնդիրներ են լինելու։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



