ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանին ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:
Արթուր Դավթյանն իր ելույթում նշեց, որ արդեն գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն, որտեղ հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված ԲՀԿ նախագահ, 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ-ի տարածքային և կենտրոնական կառույցների աշխատակիցների և այլ անձանց:
Ըստ նրա՝ ապացույցները բավարար են Գագիկ Ծառուկյանին կասկածելու սույն գործով հանցանք կատարելու համար և վկայում են հանցանք կատարլու առավել քան հիմնավոր կասկածի որպես կալանավորման պայմանի առկայության մասին:
Անդրադառնալով կալանավորման հիմքերին, գլխավոր դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի պահին գործող քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում: Արթուր Դավթյանը ներկայացրեց նաև, թե ինչ խնդիր կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանը մնա ազատության մեջ:
«Ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրաված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ՝ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալուց վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու, կամ կեղծելու միջոցով»,-ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



