Ապրիլյան պատերազմի ժամանակ միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Ապրիլյան պատերազմի ընթացքում ո՞րն էր Թուրքիայի դերակատարությունը, և հնարավոր համարու՞մ է, որ այն սանձազերծված լիներ հենց Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով այդ ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածության մակարդակը:
«Չեմ բացառում, որ իրենց գործողությունները մինչև այդտեղ շատ հստակ համաձայնեցվում էին, բայց և դժվարանում եմ ասել՝ արդյոք թուրք մասնագետները կամ զինվորականները մասնակցե՞լ են Ապրիլյան պատերազմի օպերացիայի նախապատրաստմանը: Բայց այդ ժամանակահատվածում՝ 4 օր և դրան նախորդող օրերին Ադրբեջանում գտնվում էին հրահանգիչներ և մասնագետներ ոչ միայն Թուրքիայից, սա միանշանակ է: Որպեսզի այլ ենթադրությունների տեղիք չտամ, հաստատված փաստեր ունենք, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում էին գտնվում թուրք և իսրայելցի մասնագետներ»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Երրորդն նախագահն ընդգծեց, որ պատերազմից հետո Թուրքիայի կողմից Ադրբեջանին պաշտպանելը վկայում է այն մասին, որ Թուրքիան անվերապահորեն հավանության է արժանացնում Ադրբեջանի ցանկացած գործողություն:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



