Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը տագնապ է առաջացնում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ միջոցներով։ Այսօր կայացած ճեպազրույցին ՌԴ ԱԳՆ լրատվության բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն այսպես սկսեց պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները համընկնո՞ւմ են Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։
«Ռուսաստանում համոզված են, որ տասնամյակներ ձգվող Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, քաղաքական բանակցությունների միջոցով։ Մեր տեսակետը կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամները` ԱՄՆ–ն և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ–ն ու այլ միջազգային կառույցներ»,–ասաց Զայցևը։
Նրա խոսքով` ՌԴ ղեկավարությունը ստանձնել է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ շփվելով տարածաշրջանային գործընկերների հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նրա գործընկերները հերթական անգամ վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը բանակցությունները շարունակելու»,–ասաց նա։
Գալով թուրքական կողմի հետ քննարկված թեմաներին` Զայցևը նշեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ու արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները, հատկապես Ղարաբաղյան հակամարտությունն ու դրա լուծման ուղիները։
«Մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման վերաբերյալ, վերահաստատվել խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու պատրաստակամությունը` ելնելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,–ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ։
Խոսելով այսօր մեկնարկած թուրք–ադրբեջանական զորավարժությունների մասին, որոնք նաև անցկացվելու են Հայաստանի սահմանին` Զայցևը նշեց, որ Ռուսաստանը բնականաբար շատ ուշադիր հետևելու է տարածաշրջանում դեպքերի զարգացմանը` հատկապես հայ-ադրբեջանական վերջին լարումից հետո։ «Կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում և ընթացիկ ռազմական զորավարժությունների ընթացքում»,–հայտարարեց նա։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



