Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք կատարած այցից հետո։
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում:
«Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման և լուսավորության համակարգերով: Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Գեղարքունիք կատարած այցը բավական տպավորիչ է ստացվել:
«Մենք 2018 թ. ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել:
Վարդենիսից դեպի Շողակաթ եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել, բայց հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել: Մի կտոր էլ կա ճանապարհի, որը քանդված է, սողանքային գոտի է և պետք է ավելի հիմնավոր կառուցել: Մենք կարող ենք ասել, որ այսօր Սևանի շուրջ ճանապարհն ամբողջությամբ հասանելի է: Տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է: Այդ բանաձևի անունն է՝ սուբվենցիոն ծրագրեր»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետագայում այց կկատարի նաև «Սևան» ազգային պարկ:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



