Քրեակատարողական ոլորտի լրջագույն բարեփոխումներից մեկը «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն եմ համարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նշվում է, որ այն ներառելու է անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող
— բոլոր գործառույթների,
— կազմվող փաստաթղթերի,
— պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման,
— պատժի կրման ռեժիմների փոփոխման,
— տեսակցությունների և
— ուսման վերաբերյալ։
Նշվում է, որ լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով՝ արխիվացվելով յուրաքանչյուր անձի անվանական թղթապանակում:
Ավտոմատացված համակարգի առավելություններից է լինելու նաև ցանկացած ձևաչափով հաշվետվություններ ստանալու և վերլուծական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։
Նախարարը նշել է, որ համակարգի գործարկման աշխատանքներին զուգահեռ՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև արդեն իսկ ստեղծվել է՝
-կորպորատիվ ցանց,
— քրեակատարողական հիմնարկները համալրվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով (համակարգիչներ, նույնականացման քարտ և մատնահետք ընթերցող սարքեր ու սարքավորումներ, թվային լուսանկարման և տեսաձայնագրման հնարավորությամբ շարժական տեսախցիկներ և այլն),
-տրվել են անհրաժեշտ ծրագրային լուծումներ,
-կահավորվել է սերվերային սենյակը,
— իսկ օգոստոսի 15-ից մեկնարկել են համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթացները։
«Այլ գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ համակցվող «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ կգործարկենք 2021 թվականից»,- ասվում է նախարարի հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



