Մադրիդյան սկզբունքները միանշանակ անընդունելի են։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը։
Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները միակ միջազգային փաստաթուղթն են, որտեղ հստակ ամրագրված է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:
«Երկու կարծիք լինել չի կարող, որ այդ փաստաթուղթը միանշանակ անընդունելի է։ Հնարավոր է՝ առաջընթաց կա, բայց եթե այդ առաջընթացը չի բավարարում մեր պահանջները, ապա միանշանակ մերժվում է ոչ միայն իմ, այլև ժողովրդի կողմից։ Արցախում չեմ հանդիպել մի մարդու, ով գոնե ինչ-որ չափով տեղեկացված է այդ սկզբունքների մասին, ով դրանք ընդունելի կանվաներ մեզ համար», — հայտարարել է Արցախի նախագահը։
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Արցախի անվտանգության առաջնահերթության մասին իր ավելի վաղ արած հայտարարությանը: Նախագահն ընդգծել է, որ Հանրապետության դիրքորոշումը հստակեցվում և խստացվում է։ Հարությունյանի խոսքով՝ ասելով, որ անվտանգությունն ավելի կարևոր է, ինքն ավելի ցածր չի դարձրել ինքնորոշված Արցախի միջազգային ճանաչումը։
«Ինքնորոշման իրավունքը մենք ոչ միայն ձեռք ենք բերել, այլև արդեն իրականացնում ենք այն։ Աշխարհի կողմից ճանաչման առումով մենք պետք է երկար պայքարենք, բայց, եթե մենք չունենանք անվտանգության բավարար համակարգ, մենք կկորցնենք այդ ամենը», — ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ գլխավոր նպատակը ուժեղ բանակն է, տնտեսությունը, որն առաջին հերթին ծառայում է բանակին, ժողովրդագրական աճը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտող կողմերին առաջարկվել էին 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում: Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի հիմնական դրույթները հրապարակվել են 2009թ. հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



