Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։
Արթուր Վանեցյանը կարևորել է հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։
«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,-շեշտել է Արթուր Վանեցյանը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



